20 мая 2013

Պետրոս Դուրյան

Պետրոս Դուրյան - հայ բանաստեղծ,
դրամատուրգ, ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսում
Իր կարճ կյանքի ընթացքում (մահացել է 21 տարեկան չլրացած)  եղել է դեղագործի աշակերտ, գրագիր, տնային ուսուցիչ, դերասան,եղել է «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր։ Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ, կատարել թարգմանություններ։ Մահացել 1872թ. հունվարի 21-ին, թոքախտից:

Լճակ 

Ինչո՞ւ ապշած ես, Լըճա'կ,
ՈՒ չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ:

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրիդ:

Մելամաղձոտ Լըճա'կ իմ,
Քեզ հետ ըլլանք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավիլ, լռել ու խոկալ:

Որքան ունիս դու ալի,
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր,
Սիրտս այնքան խոց ունի բյուր:

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չե'ս կրնար դուն
Հոգվույս` որ է բոց անհո՛ւն:

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չե'ն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ:

Լըճա'կ, դո'ւ ես թագուհիս,
Զի թ'հովե մ'ալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով:

Շատերը զիս մերժեցին,
"Քնար մ'ունի սոսկ" - ըսին.
Մին` "դողդոջ է, գույն չունի" -
Մյուսն ալ ըսավ. - "Կը մեռնի՛":

Ոչ ոք ըսավ. - "Հե՛ք տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ, չը մեռնի":

Ոչ ոք ըսավ` - "Սա տըղին
Պատռե'նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՛ր գրված կան..."
- Հոն հրդեհ կա, ո'չ մատյան:

Հոն կա մոխի՛ր... հիշատա՛կ...
Ալյակքդ հուզի՛ն թող, լըճա'կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ,
Հուսահատ մը նայեցավ...

- - -
Սիրել

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ:



Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ:

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝
Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ:

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սըրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Հիշատակի չունի նա հետ,
Սիրտ մ'որո մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,
Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ:

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց. “Կուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի”:

Ես ուզեցի սիրել զեփյուռ,
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը՛ սիրեր խոցել երբեք,
Հոգի մ'որո գաղտնիքն է բույր
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն հուշ կածե առ հեք:

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.
- “Կուզե՞ս պաշտել հոգի մ'անբիծ”:

Ես ուզեցի քընարով մի
Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակգիլ սիրողաբար:

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.
- “Քնարդ է ցուրտ սիրտ, և սերըդ՝ ցավ”:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե՝ գեղ ու կըրակ,
Սիրտն անապակ, ինչպես վտակ,
Անմեղ, ինչպես սյուք դալկահար-
Հավատարիմ, ինչպես քնար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ:

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ:

Պատրաստվել է blog.lurerarm.asia 

Комментариев нет: