17 апреля 2013

Վովա Գասպարյանի փեսայի «թայֆան» սնանկացրել ու ծեծել է ձեռներեցին

Փոքր մեկնաբանություն. ոչ մի բան զարմանալի չի հոդվածում, բայց հոդվածի վերջում ասում է. "պետք է պատասխան տան այս ամենի համար: Սերժ Սարգսյանին եմ դիմելու",  -բա Սերժ Սարգսյանը քեզ չի ասի "ինձ դիմել էս որ ինչ անե՞ս", քանի որ այդ մարդը Քոչարյանի հետ, որոնցից ոչ մեկ երբեւէ չի ընտրվել ՀՀ նախագահ եւ որոնք իշխանությունը Հայաստանում բռնազավթել են հոկտեմբերի 27 -ով, հովանավորչության ու կոռռուպցիայի կնքահայրերն են հանդիսանում,.
---
Քրեական Դավիթաշեն. Վովա Գասպարյանի փեսայի «թայֆան» սնանկացրել ու ծեծել է ձեռներեցին

Դավիթաշենցի ձեռներեց Արման Երեմյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանից պահանջում է ապահովել իր ընտանիքի անվտանգությունը: Նա պահանջում է փոխհատուցել համայնքային իշխանությունների պարտադրած քրեածին բիզնեսի հետեւանքով իր որդու կրած միլիոնավոր դրամների կորուստը:

iLur.am-ի հետ զրույցում տիկին Գայանեն պատմեց իր ընտանիքի անհաջողությունների մասին:

Ձեռներեց Արման Երեմյանը 2007-ից Դավիթաշենում զբաղվում է մրգի եւ բանջարեղենի առեւտրով: Նա մի քանի տարի Եվրոպայում ապրելուց հետո հայրենադարձվել է 2006-ին: Սկզբում մոր՝ Գայանե Մարտիրոսյանի հետ բացօթյա տաղավար էր բացել, հետո՝ շինություն վարձակալեց եւ մեծացրեց գործը:

2011-ին Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար (թաղապետ) Արթուր Գեւորգյանի մերձավոր, նախկինում դատապարտված ոմն Վաչոյի առաջարկով Արմանը Դավիթաշենի  չորրորդ թաղամասում երկու բացօթյա տարածք վարձակալեց, յուրաքանչյուրը 20-ական քմ մակերեսով: Ընդ որում, ըստ տիկին Գայանեի, վարձակալություն ասվածը հարաբերական էր: Որեւէ փաստաթղթային ձեւակերպում այդ վարձակալությունը չուներ՝ ուղղակի Արմանը ամսեկան 600 հազար դրամ էր «մուծվում» Վաչոյին՝ չհաշված կոմունալ վճարումները:

Քաղաքապետ Կարեն Կարապետյանի հայտնի որոշումից հետո, երբ արգելվեց բացօթյա առեւտուրը, Արթուր Գեւորգյանը Վաչոյի միջոցով առաջարկեց ծածկել տարածքը: Արման Երեմյանը սեփական միջոցներից 1,5 միլիոն դրամ ներդրեց՝ տաղավարը մետաղապլաստե ծածկով ծածկելու նպատակով: 2011-ի դեկտեմբերին տաղավարն ամբողջությամբ, ներսում եղած ապրանքով հանդերձ հրդեհվեց:


«Ոչ մի աջակցություն իրենց կողմից: Խնդրեցինք, գոնե մի քանի ամիս վարձավաճարից հրաժարվել, ոչ մի արձագանք, մեկ ամիս չգործող խանութի համար գումար վճարեցինք», - պատմում է տիկին Գայանեն:

Նրա խոսքով, 2012-ի սկզբին արդեն Արմանի «կոմպանյոնները» առաջարկեցին Դավթաշենի սկզբնամասում՝ Սասնա ծռեր փողոցի վրա միրգ-բանջարեղենի խոշոր վաճառակետ բացել արդեն թաղամնասում հայտնի, Արմանին պատկանող «Կրեպսոն» բրենդի ներքո: Ծրագիրն իրականացնելու համար Արման Երեմյանը 12 միլիոն դրամի ներդրում է անում, կառուցապատում:

Արման Երեմյանի խանութը Դավիթաշենում

«Վաչոն ընդամենը դիմացի տարածքն ասֆալտ է արել ու շինության տանիքի թիթեղների համար վճարել», - նշում է տիկին Գայանեն: Նրա խոսքով, ժամանակակից պահանջներին համապատասխան առեւտրի կենտրոն էր բացվեց, որը, սակայն, չարդարացրեց ծախսերը, քանի որ Արթուր Գաւորգյանի եւ Վաչոյի սահմանած «հարկերը» բավական մեծ էին՝ ամսական 1 միլիոն գումար միայն «վարձավճար»: Բացի դրանից, անհարկի կոմունալ ծախսեր էր արվում: «Շրջակայքի բոլոր խանութներում էլեկտրաէներգիայի հաշվիչ կար, բացի մեր խանութից: Ամսական գալիս ստաբիլ 120 հազար դրամ էին տանում: Բայց ախր ես հաշվել գիտեմ, չէ՞, այդքան հնարավոր չէ էլեկտրաէներգիա ծախսել», - ասում է տիկին Մարտիրոսյանը: Բացի դրանից, ըստ նրա, «Կրեպսոնը» ստիպված էր վաճառվող մթերքի լավագույն տեսականին պարբերաբար մատարակարել Արթուր Գեւորգյանի եւ Վաչոյի ընտանիքներին: «Ամսվա մեջ մի քանի անգամ Գեւորգյանի վարորդը գալիս էր խանութ, լավագույն ապրանքից ձրի տանում էր: Մի անգամ էլ զանգեցին, ասացին, թե՝ Գեւորգյանի աղջկա սիրտը ալոճ է ուզում, մեր աշխատողը գնաց հասավ Գառնուց ալոճ բերեց»:

Հարաբերությունները Վաչոյի ու Արմանի միջեւ, ըստ ամենայնի, գործընկերային չէին: Ավելի շուտ՝ Դավթաշենի թաղապետ, այնուհետեւ՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի աջ ձեռքը համարվող Վաչոն Արմանին «կռիշություն» էր անում. իր կապերն օգտագործելով՝ թաղի երեւացող տեղում տարածք էր «հարմարացրել», փոխարենը՝ Արման Երեմյանը ամսական 1 միլիոն դրամ Վաչոյի միջոցով «մուծվում էր» Արթուր Գեւորգյանին: Տիկին Գայանեն շեշտում է, որ հենց մուծվում էր, քանի որ վարձակալությունը իրավաբանորեն ձեւակերպված չէր: «Մի անգամ, նույնիսկ, Արթուր Գեւորգյանը Եվրոպա պետք է գնար, զանգեցին, ասեցին՝ արենդայի գումարը եվրոյով տվեք»:



Ըստ տիկին Գայանեի, արդեն 2012-ի սկզբից Արմանը չէր հասցնում այլեւս վճարել ո՛չ վարձակալության վճարները, ո՛չ մատակարարների պարտքերը: Դրանից բացի, նա լուրջ գումարներ էր վերցրել բանկերից:

Արմանը հանդիպում է խնդրում Գեւորգյանից՝ «հախուհաշիվ անելու» ակնկալիքով: Գեւորգյանն իր վարորդ Էդիկի միջոցով փոխանցում է, թե «մինչեւ 1 միլիոն դրամը չբերի, թող չգա»:

Արդեն այս տարվա հունվարին Վաչոն կուտակված պարտքի դիմաց Արմանից խլեց գործի մեջ օգտագործվող «Ֆորդ»-ը:

«Փետրվարի 27-ի գիշերը Մասիվի տաքսու պարկի տնօրեն Թաթուլ Հակոբյանի տղան՝ մաքսայինի աշխատող Ռեւիկը, զանգեց տղայիս տնից հանեց, տարան հինգ հոգով ծեծեցին՝ Արմանի ունեցած պարտքի պատճառով: Տղայիս վրա առողջ տեղ չէր մնացել, մի քանի շաբաթ տնից դուրս չեկավ», - պատմում է տիկին Գայանեն: Արմանի հորդորով նա հրաժարվում է ոստիկանություն դիմելու մտադրությունից: Սակայն, ինչպես ինքն է նշում, իզուր: Արդեն մարտի 21-ին, երեկոյան կողմ, նույն Ռեւիկը Վաչոյի քրոջ որդի Միհրանին համոզում է, որ սա Արմանից «ստանա» իր պարտքը:

«Խանութում էի, տեսա՝ դրսում մի քանի մեքենա է հավաքվել, մատ 15 հոգի շրջապատել են Արմանին, քաշքշում են: Քիչ հեռու էլ Վաչոյի մեքենան էր կանգնած՝ կողքից հետեւում էր առանց միջամտելու: Վազեցի, մտա մեջները, քաշեցին, գցեցին գետնին, մի քանի րոպե փոշիների մեջ թավալվում էի», - պատմում է տիկին Գայանեն: Նա հիշում է, որ, թեեւ ցերեկվա ժամ էր եւ դեպքը բավական տեսանելի վայրում էր տեղի ունենում, ոչ ոստիկանություն կար, ոչ շրջապատի բնակիչներն էին միջամտում: «Ո՞րտեղից ոստիկանություն գար: Ոստիկանությունն իրենցն է (Արմեն Գեւորգյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է-խմբ.), բնակիչներն էլ լավ գիտեն դրանց. ո՞վ ռիսկ կանի դրանց դեմ բան խոսի», - ասում է տիկին Մարտիրոսյանը:

Դեպքից անմիջապես հետո, նա, առանց որդուն տեղյակ պահելու մեկնում է ոստիկանության Երեւանի վարչություն: Այնտեղից տիկնոջն ուղեկցում են Մաշտոցի բաժին, որտեղ իրավապահները մի  համոզում են նրան՝ հանգստանալ հանցագործության մասին հաղորդում գրելուց առաջ: Ամսի 22-ի առավոտյան Գայանե Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին՝ նկարագրելով դեպքի նախապատմությունը եւ շեշտելով այս ամենում Արթուր Գեւորգյանի, Վաչոյի, Դավիթաշենի ներկա թաղապետ, Գեւորգյանի ազգական Ռուսլան Բաղդասարյանի դերակատարությունը:

Մաշտոցի բաժնի պետ Ա. Պողոսյանի՝ ապրիլի 10-ին ուղարկված գրության համաձայն, ոստիկանությունը դիմումի հիման վրա կազմված գործերն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Բայց տիկին Գայանեն թերահավատ է, կրկին հիշեցնում է, Վաչոն Արթուր Գեւորգյանի աջ ձեռքն է, վերջինս էլ՝ ոստիկանապետի փեսան:

Այս ընթացքում տիկին Գայանեի տուն են այցելում Վաչոն ու Ռուսլան Բաղդասարյանը՝ «բարեխոսելու»: Հրավիրում են Արթուր Գեւորգյանի մոտ: Երբ տիկինը հրաժարվում է ոստիկանությունից դիմումը հետ վերցնել, Վաչոն սպառնում է՝ «որպես մայր՝ գլխիդ տալու ես, դեռ շատ ես լացելու»:

Կենտրոնում՝ ձախից աջ. Վաչոն ու Ռուսլան Բաղդասարյանը՝ «Կրեպսոն» խանութի բացմանը

«Վովա Գասպարյանը պետք է պատասխան տան այս ամենի համար: Սերժ Սարգսյանին եմ դիմելու, եթե հարցս չլուծեն, դեսպանատներն եմ դիմելու: Իմ երկրում ես ինձ ստրուկ եմ զգում: Նախ՝ սնանկացնում են, հետո ծեծում, հետո՝ սպառնում են, թե լացելու ես», - ասում է Գայանե Մարտիրոսյանը: Նա մի քանի շաբաթ առաջ վաճառել է մեկ սենյականոց բնակարանը՝ որդու պարտքերը փոքր-ինչ թեթեւացնելու համար:

«Հազար հույսով աշխատում, ապրում էինք, տղաս լուրջ ծրագրեր ուներ, մտադիր էր գյուղատնտեսական արտադրանք աճեցնել, համագործակցում էր «Հազարամյակների մարտահրավերի հետ»: Մինչեւ դրանց հետ կապվելը տուն ունեի, զարգացող բիզնես: Հիմա՝ ոչ մի բան չունենք, միայն պարտքեր», - ասում է:   Հիմա՝ ոչ մի բան չունենք, միայն պարտքեր», - ասում է: Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет: