30 марта 2013

Ճիշտ սնվելու սկզբունքները

 Ղեկավարվելով ճիշտ սնվելու մի քանի սկզբունքներով, կարող եք ձեր կազմվածքը մոտեցնել կատարյալի չափանիշներին:

1. Ուտել այն ժամանակ, երբ քաղցած եք, այլ ոչ նրա համար, որ հրավիրել են միասին ուտելու: Իհարկե, 20 րոպեից ավելի տեւող քաղցի զգացողությունը մեզ իսկական շատակեր է դարձնում: Մենք սկսում ենք նյարդային կերպով այդ զգացողությունը ճնշել արագ սննդով, բուտերբրոդներով, քաղցրավենիքով եւ այլն: Իսկ եթե շատ քաղցած ենք, ապա վստահաբար ուտում ենք ավելին, քան սովորաբար:

2. Ուտելու ժամանակ խմելը խաթարում է մարսողության գործընթացը: Եթե չեք կարողանում ազատվել այդ սովորությունից, ավելի լավ է հեղուկ ընդունել փոքր կումերով: Նաեւ հարկավոր է հաշվի առնել, հեղուկի ծավալը չպետք է գերազանցի կերածի 1/3-րդը: Որպես կանոն, մի բաժակ ջուր կամ թեյ կարելի է խմել ուտելուց 1-1.5 ժամ անց միայն: Ավելի լավ է ուտելուց 15 րոպե առաջ մեկ բաժակ հանքային ջուր խմել:

3. Երբեմն զգացմունքները կարող են այնպես գլուխ բարձրացնել, որ ուտելը կառավարելն անհնար է դառնում: Զգացմունքային անհանգստությունների յուրահատկությունը վնասակար մթերքի ընտրությունն է: Ամենից հաճախ դա թխվածքաբլիթ է, շոկոլադ, որոնք մենք ուզում ենք սթրեսի հետեւանքով արտադրված կորտիզոլ հորմոնի պատճառով: Հարկավոր է պայքարել այսպես. քաղցին չդիմանալ, բայց ուտել միայն օգտակար սնունդ: Բացի այդ, փնտրում ենք հաճույք ստանալու՝ ոչ ուտելու միջոցներ:

4. Ուտել փոքր ափսեից: Աղանդերի ափսեում ավելի քիչ ուտելիք է
տեղավորվում, սակայն ձեզ կթվա, որ այն բավական է. չէ՞ որ ափսեն լիքն է: Ավելին, լրացուցիչ բաժին կամ այլ ուտեստ վերցնել միանգամից հնարավոր չի լինի: Մենք ցանկանում ենք ուտել մինչեւ վերջ, այդ պատճառով միշտ փորձում ենք ափսեն մաքուր թողնել: Եվ եթե ափսեն սովորականից փոքր լինի, ապա կարելի է 20 տոկոսով պակաս ուտել:
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет: