.«Գոլդ համարներ»
Wikileaks-ը հրապարակել է 2004 թվականի ապրիլի 4-ով թվագրված մի փաստաթուղթ, որը վերաբերվում է, այսպես կոչված, «գոլդ համարներով» ավտոմեքենաներին: «Համմերներ, պետհամարանիշեր եւ օլիգարխներ. ովքեր են Հայաստանի փողոցներում» վերնագրով փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ցուցամոլությունից դրդված հայ օլիգարխները բավական մեծ գումարներով ոստիկանությունից «գոլդ համարներ են» գնում: Այդպիսի պետհամարանիշերը, ըստ փաստաթղթի, ընդգծում են դրա սեփականատիրոջ կամ նրա մերձավորների պատկանելությունը այս կամ այն խմբին: Ընդ որում, ընդգծվում է, որ ոստիկանության շնորհիվ առանձին օլիգարխներ իրավունք են ստացել սեփական հայեցողությամբ օգտագործել ընտրված կոնկրետ թվի սերիական համարանիշերը: Որպես օրինակ, նշվում է, որ, օրինակ, Գագիկ Ծառուկյանը` Դոդի Գագոն (հրապարակված փաստաթղթում Dodi Gago), փաստացի բացառիկ իրավունք է ստացել օգտագործել 08xx008 սերիաների բոլոր պետհամարանիշերը: Նշվում է նաեւ, որ նրան են պատկանում Երեւանի փողոցներում հայտնված առաջին «Hummer», ինչպես նաեւ «Rolls Royce» մակնիշի ավտոմեքենաները: Նույնպիսի վիճակ է նաեւ երկրորդ «Hummer»-ի եւ Հայաստանի շաքարի մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո` հրապարակված փաստաթղթում Lfik Samo) կամ երրորդ «Hummer»-ի տեր Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո, հրապարակված փաստաթղթում` Nemetz (German) Rubo ) պարագայում, որոնք համապատասխանաբար իրավունք ունեն օգտագործել 06xx006 եւ 05xx005 սերիաների պետհամարանիշերի բոլոր կոմբինացիաները: Իսկ Ռոբերտ Քոչարյանի որդին էլ, որին էլ պատկանում է չորրորդ «Hummer»-ը, օգտագործում է 07 UU007 պետհամարանիշը: Նման պետհամարանիշեր, համաձայն փաստաթղթի, կարելի է ձեռք բերել 2-3 հազար ամերիկյան դոլարով: Պետքարտուղարություն ուղարկված փաստաթղթի համաձայն, նման «գոլդ համարները» բացի փառամոլությունից ու պրեստիժից, անձեռնմխելի են դարձնում դրանց տերերին եւ ոստիկանությանը ստիպում «հեռու մնալ» նրանցից: Նման համարներով ավտոմեքենաները նույն կարգավիճակն ունեն, ինչ դիվանագիտական` կարմիր պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Ֆեոդալական լորդի նման
Իսկ 2008-ի մայիսի 20-ով թվագրված մեկ այլ փաստաթղթով ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը պետքարտուղարությանը տեղեկացրել է 2008-ի ապրիլին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապված աղմկահարույց պատմությունը, ըստ որի` մարզպետը ծեծի է ենթարկել գորիսցի մի 12-ամյա տղայի: Փենինգտոնը գրել է, որ Խաչատրյանը փաստացի իշխում է ինչպես ֆեոդալական լորդ: Ամերիկացի դիվանագետը Խաչատրյանին ներկայացնում է որպես ավազակ, որը Հայաստանի այդ հեռավոր մարզը ղեկավարում է երկաթի կոթով: Այնուհետեւ դիվանագետը հավելում է, որ դա մարզպետի կամ նրա ընտանիքի հետ կապված առաջին սկանդալը չէ: Որպես օրինակ, փոխդեսպանը նշել է, որ մարզպետի եղբայրը 2007-ին փորձել էր օրը ցերեկով սուպերմարկետում մի աղջկա բռնաբարել: Ըստ Փենինգթոնի, մարզպետների, գեներալների, օլիգարխների, ինչպես նաեւ նրանց երեխաների, թիկնապահների մարդ ծեծելու, նույնիսկ սպանելու կարողությունը սովորական երեւույթ է Հայաստանում:
Անտիսեմիտիզմը` գործիք
Մեկ այլ` 2008 թվականի հունիսի 18-ով թվագրված փաստաթղթով Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը պետքարտուղարությանը տեղեկացրել է, թե հայաստանյան իշխանական ԶԼՄ-ները ողողված են հակասեմիտական հրապարակումներով, եւ դա որպես քաղաքական գործիք օգտագործվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Մասնավորապես նշվում է, որ 2008-ի մայիսի կեսերից սկսած իշխանամետ տպագիր մամուլը եւ պետական հանրային հեռուստաընկերությունը հակասեմիտական եւ հակամասոնական մեղադրանքներ են հնչեցնում Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին եւ որ նման մեղադրանքների մեծ մասը փետրվարյան վիճելի նախագահական ընտրություններից առաջ ու անմիջապես հետո հնչեցվող հայտարարությունների շատ ավելի խիստ տարբերակն են: Փենինգտոնը գրել է, թե այն փաստը, որ հակասեմիտական քարոզչությունը իրականացվում է իշխանամետ տպագիր մամուլում ու Հանրային հեռուստաընկերության եթերից, վկայում է, որ դա խրախուսվում եւ անգամ ղեկավարվում է գործող իշխանությունների կողմից, որոնք որդեգրել են այդ քաղաքականությունը ընդդիմության առաջնորդին թուլացնելու նպատակով: Ըստ Փենինգտոնի, հակասեմիտականությունը որպես քաղաքական գործիք կիրառելը նոր փորձ է հայաստանյան քաղաքական թատերաբեմում եւ կարող է շատ վտանգավոր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, ուր հակասեմիտականություն երբեք չի եղել:
Комментариев нет:
Отправить комментарий